Ամերիկյան ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը 2015-ի զեկույցում անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ այն բնորոշում է ակտիվ, իսկ բանակցությունները՝ հիմնականում անարդյունավետ, բռնությունների սրացման և «երկու կողմերի ռազմատենչ հռետորաբանության» ֆոնին: Հակամարտության գոտում անվտանգության իրավիճակը հստակ ցույց է տվել վատթարացման նշաններ, Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական դիրքորոշումներում կամ գործակցության հարցերում փոփոխությունը փոքր է եղել, արձանագրում են փորձագետները: Երկու երկրները սկսել են միմյանց մեղադրել կեղծ տեղեկություններ տարածելու մեջ, նշում են զեկույցի հեղինակները, հավելելով, թե դա դժվարություններ է ստեղծում դրսի ուսումնասիրողների համար՝ հետազոտելու բռնարարքների ծավալները և ազդեցությունը քաղաքացիական անձանց վրա: Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը նշում է, որ 2015-ին երկու մտահոգիչ միտում է արձանագրվել՝ կողմերը ավելի ու ավելի են ապավինում ծանր սպառազինություններին, ավելացել են սահմանային գոտում «չվիճարկելի վայրերում» միջադեպերը:
Զեկույցը համառոտ անդրադարձել է 2015-ի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված բախումներին, զոհերի թվի մասին կողմերի հայտնած տվյալներին և փոխադարձ մեղադրանքներին:
Զեկույցը ըստ տարածաշրջանների անդրադառնում է 2015-ին աշխարհի բոլոր զինված հակամարտություններին և հետևանքներին: Անցյալ տարվա ընթացքում հակամարտությունների հետևանքով ամբողջ աշխարհում 167 հազար մարդ է սպանվել, մարդկային բոլոր կորուստների մեկ երրորդը արձանագրվել է Սիրիայում, որտեղ 2015-ին զոհվածների թիվը 55 հազար է: Զեկույցը արձանագրում է Աֆղանստանում հակամարտության զոհերի թվի կտրուկ աճ՝ անցյալ տարի զոհվել է 15 հազար մարդ:
Զեկույցում արձանագրված է, որ անցած տարի ավելացել է փախստականների և ներքին տեղահանվածների թիվը: Նրանց քանակը 2013-ին 33 միլիոն մարդ էր, 2014-ին՝ 43 միլիոն, իսկ 2015-ի կեսերին՝ 46 միլիոն փախստական և ներքին տեղահանված: